Հովհաննես Թումանյան, հեքիաթներ, առակներ, պոեմներ
գինը 1400 դրամ:
Ահա արդեն գրեթե մեկ դար է, ինչ հայ ժողովուրդը անդավաճան նվիրվածությամբ ու զարմանալի հետևողականությամբ ընթերցում և վերընթերցում է Հովհ. Թումանյանին: Ահա արդեն գրեթե մեկ դար ամենայն հայոց բանաստեղծը եղել և մնում է հայ ընթերցողի (թե՛ մեծերի, թե՛ փոքրերի) ոչ միայն ամենասիրված, այլև ամենաշատ ընթերցվող գրողը. նրա երկերի բազմահազար տպաքանակները սպառվել և այսօր էլ սպառվում են «մի շնչով»: Հայ ընթերցողի կողմից նման պատվի չի արժանացել և ոչ մի հեղինակ…
Ահա թե ինչու «Դպրոցական գրադարան» մատենաշարի առաջին «բնակիչը» պետք է անպայման լիներ Հովհ. Թումանյանը: Այս մատենաշարը նորություն չէ մեր գրահրատարակչական բնագավառում. նրան ծանոթ են անցյալ դարի երկրորդ կեսերի «Լույս» հրատարակչության ընթերցողները: Վերաբացելով «Դպրոցականի գրադարանը»` «Արեգ» հրատարակչությունը հավակնում է լույս ընծայել այնպիսի ժողովածուներ, որոնք ոչ միայն անհրաժեշտ են մեր դպրոցահասակ ընթերցողին, այլև կարող են համալրել նրա անձնական գրադարանի լավագույն գրքերի շարքը:
Ներկա հատորը Հովհ. Թումանյանի անմահ ստեղծագործությունների մի ամփոփ ընտրանի է, որտեղ նույն «տանիքի տակ» տեղ են գտել մեծ գրողի գրական հարուստ ժառանգության լավագույն նմուշները` հեքիաթներ, պատմվածքներ, պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ: Ինչ խոսք, «Դպրոցական գրադարանի» այս հատորը հասցեագրված է ոչ միայն դպրոցահասակ ընթերցողին…